31/05/2016 18:38
Հայաստանը կարևորում է Իրանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը. վարչապետ
Իրանի արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադին հանդիպել է Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն համոզմունք է հայտնել, որ հանդիպումը նոր մակարդակի կբարձրացնի դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը:
«Վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչին էապես նպաստում են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը», - ասել է վարչապետ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը:
Իր հերթին իրանցի նախարար Փուրմոհամմադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արդյունավետ գնահատել իր այցի շրջանակում ունեցած պաշտոնական հանդիպումները:
«Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, և Իրանը հետևողական է երկկողմ կապերն էլ ավելի ընդլայնելու և սերտացնելու հարցում»,- հայտարարել է նա և բարձր գնահատել իրանահայ համայնքի դերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ու խորացման գործում:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ և վերահաստատել հայ-իրանական հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ կողմերը կարևորել են անվտանգության, խաղաղության ու կայունության ապահովումը: