28/06/2016 09:24
Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագով քրեական գործ է հարուցվել
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին՝ Արմեն Իսրայելյանին, առևանգելու՝ թերթի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ մի քանի դրվագով:
Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով). ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով ( պաշտոնեական լիազորությունները անցնելը):
Թերթի այս տեղեկությունները հատատել է հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում. Պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Մի քանի օր անց, սակայն, աշխատակիցը փոշմանեց: