28/06/2016 16:47
Հայաստանի ԲՈՒՀ-երում այս տարի 1783 պետպատվեր կլինի. ԳԹԿ
Այս տարի պետությունը 1783 անվճար տեղ է հատկացրել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի պետ Գուրգեն Չլինգարյանը:
Նրա խոսքերով՝ անվճար տեղերից 1585 հատկացված է հայկական ԲՈՒՀ-երում սովորելու համար, իսկ 120-ը՝ ռազմական մասնագիտացման ուղղությամբ սովորողների համար, 10-ական տեղ է հատկացվել Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանին և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղին:
Չլինգարյանը նշեց, որ կան նաև 53 պահուստային տեղեր:
«Որոշակի արտոնություններ է տրված նաև հաշմանդամություն ունեցողների, զինծառայողների երեխաների, որոնք զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս», - ասաց նա:
ԳԹԿ-ի աշխատակիցը հայտնեց նաև, որ ընդունելության քննությունների առաջին փուլը ավարտվել է, երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին: