28/06/2016 16:32
Էդուարդ Շարմազանով. Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի
Բոլոր թերություններով ու խնդիրներով հանդերձ՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, այսօր Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է ու խորացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ իր պետական ու ազգային շահերը հաշվի առնելով: Բարեկամներս, մենք ոչ մեկին լավություն չենք արել, այդ թվում՝ ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ արտաքին մարտահրավերները հաշվի առնելով՝ ՀՀ-ն պետք է անդամակցի այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքին.
«Իսկ ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը՝ ՆԱՏՕ՞-ն, Թուրքիայով հանդերձ», - հարց բարձրացրեց պատգամավորը:
Նա նշեց՝ թյուր է այն կարծիքը, որ Հայաստանն անդամակցել է ՀԱՊԿ-ին, քանի որ ՆԱՏՕ-ից անդամակցության առաջարկ չի եղել:
«Կներեք, բայց եթե ՆԱՏՕ-ից օրական 6 անգամ էլ առաջարկ լինի՝ Թուրքիայով հանդերձ, ես գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Բոլոր թերություններով ու խնդիրներով հանդերձ՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքին այլընտանք չունի», - ամփոփեց Է. Շարմազանովը: