29/06/2016 16:52
Իսրայելի Քնեսեթում հուլիսի 5-ին քննարկվելու է Հայոց ցեղասպանության թեման
Իսրայելի Քնեսեթում հուլիսի 5-ին քննարկվելու է Հայոց ցեղասպանության թեման, հայտնել է պատմաբան, ցեղասպանագետ, «Zoryan Institute»-ի խորհրդի անդամ Յաիր Աուրոնը, փոխանցում է marketwired.com կայքէջը:
«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես արտգործնախարար Լիբերմանն է ասում, մենք պետք է համեմատենք Իսրայելի փորձառությունը ուրիշների հետ, որ ապագայի համար կանխարգելենք ցեղասպանությունը: Ամեն տարի այս ժամանակ Քնեսեթը քննարկումներ է անցկացնում այդ հարցի շուրջ: Կան պոտենցիալ ձայներ, սակայն կառավարությունը թույլ չի տալիս սկսել քվեարկությունը: Թող այս տարին տարբերվի: Թող Քնեսեթում ազատ քվեարկություն անցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ ժխտելու վերաբերյալ», - «The Times of Israel»-ում գրել է իսրայելցի պատմաբանը:
Ըստ նրա, Իսրայելը նախկինում ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության հանրային քննրակումներից և ազատ քվեարկությունից` չցանկանալով վանել թուրքական կառավարությանը, որին առանցքային դաշնակից էր համարում:
«Ժամանակակից Թուրքիան մեղավոր չէ Հայոց ցեղասպանության համար, սակայն Օսմանյան կայսրության բոլոր իրավունքների և պարտավորությունների օրինական իրավահաջորդն է: Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Թուրքիայի յուրաքանչյուր հաջորդ ղեկավարն ամեն ինչ անում է փաստերը խճճելու և ժխտելու համար», - հայտնել է Յաիր Աուրոնը: