29/06/2016 13:02
Սեյրան Օհանյանը դեմ է ամեն առիթով ՀԱՊԿ-ին դիմելուն
Անկասկած ՀԱՊԿ-ն իր դերակատարությունն ունի մեր անվտանգության համակարգի ապահովման հարցում, Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
«Երկրագնդի վրա չկա պետություն, որն անվտանգության առումով կարող է ինքնաբավ լինել, հատկապես մեզ նման երկրները: Անկասկած ՀԱՊԿ-ն իր դերակատարությունն ունի մեր անվտանգության համակարգի ապահովման հարցում, ռազմական ներուժի կատարելագործման հարցում», - ասաց պաշտպանության նախարարը:
Նա նշեց, որ դեմ է հանրության շրջանում տարածված «իսկ ե՞րբ ենք դիմելու ՀԱՊԿ-ին» տրամադրություններին:
«Ես դեմ եմ, որ հենց փոքր մարտական գործողություններ են սկսվում, փոքր բախումներ են սկսվում, մեր հասարակությունը պահանջում է, որ պետք է դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դեպքում ինչի՞ համար են սեփական Զինված ուժերը ու ինչու՞ պետք է դիմենք: Մենք ունենք տարածաշրջանում մարտունակ Արցախի բանակ, որն իր խնդիրը կատարում է», - ասաց Սեյրան Օհանյանը: