29/06/2016 23:30
ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիան 500 հազար եվրո է տրամադրել
Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիան 500 հազար եվրո ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:
Հունիսի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից հատկացված 500 հազար եվրո ֆինանսական աջակցության համար:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխման ֆինանսավորման նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել հերթական դոնոր-կոնֆերանսը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ այսօրվա հավաքը դրական տպավորություն է թողել:
«Եվս կեց միլիոն եվրո ավելացավ ֆինանսավորման խոստումներին: Ունենք արդեն 12 մլն եվրո», - ասաց Լ.Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ հիմքի վրա կարելի է սկսել գործընթացը և վստահ լինել, որ ծրագիրը իրագործվելու է: