30/06/2016 12:32
Կառավարությունը 41 միլիոն 746 հազար դրամ հատկացրեց Արթիկում հեղեղումների հասցրած վնասները վերացնելու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 41 միլիոն 746 հազար դրամ հատկացնել Շիրակի մարզպետարանին՝ Արթիկում հեղեղումների հասցրած վնասները վերացնելու նպատակով:
Այդ գումարից 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնմանը, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, իսկ 2 միլիոն 430 հազար դրամով աջակցություն կցուցաբերվի այն մարդկանց, ովքեր հեղեղումների պատճառով կորցրել են անասուններին կամ ցանքատարածությունները:
Նախագծի զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Արթիկում արդեն կատարվել է զգալի աշխատանք:
«Հեղեղատարը վերականգնվել է: Ջրամատակարարումը քաղաքում վերականգնված է, բացի մի փոքր հատվածի, բայց այդ հատվածում քաղաքապետարանը հատուկ ռետինե խողովակներով ջուր է մատուցում: 8-10 ընտանիք չունեն էլեկտրականություն: Պրոցեսը այսօր շարունակվում է: Նախարարության ներկայացուցիչները տեղում են: Իմ փոխնախարարը լինելու է այնտեղ` մինչև աշխատանքները ավարտվեն»,- նշեց նախարարը: