02/07/2016 14:10
Վերնիսաժի տարածքում օգտագործած ապրանքների վաճառքով զբաղվող անձանց բողոքը անիմաստ և անհիմն է. Քաղաքապետարան
Վերնիսաժի բարեկարգման աշխատանքների պատճառով օգտագործած ապրանքների վաճառքով զբաղվող անձանց դեռեւս մեկ ամիս առաջ է զգուշացվել, որ նրանք այսուհետ պետք է դադարեցնեն Վերնիսաժի տարածքում առևտուր իրականացնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Սակայն այսօր առավոտյան վաճառականները մեծ աղմուկ են բարձրացրել, երբ ոստիկանության աշխատակիցները նրանց արգելել են առևտրով զբաղվել: Վաճառականները հայտարարել են, որ քաղաքապետարանն այդ որոշումով «իրենց զրկում է հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից»։
«Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Քսան տարի է այստեղ ենք, ինչպե՞ս կարելի է հանապազօրյա հացից կտրել, չի կարելի, մտածեք աղքատ ժողովրդի մասին», - ասել է վաճառականներից մեկը:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետը Aysor.am-ին հայտնեց, որ Վերնիսաժի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը որոշ ժամանակ առաջ հագուստ, կենցաղային պարագաների վաճառքով զբաղվող առևտրականներին տեղեկացրել էր, որ առևտրային այդ տարածքի հատվածը հուլիսի 1-ից չի գործելու:
«Իրենց առաջարկել են ավելի լավ պայմաններով, ավելի լավ տեղ՝ Հրազդան ստադիոնի մոտ: Քաղաքապետարանը նրանց առաջարկել է համապատասխան վայր, որտեղ նրանք կարող են իրենց ապրանքները վաճառել: Մեկ ամիս առաջ իրենց այդ մասին ասվել է: Նրանք ինչպես նախկինում ազատված են լինելու հարկայաին պարտականություններից և աշխատելու են ավելի լավ պայմաններում: Նրանց դժգոհությունը անհիմն է», - ասաց Արթուր Գևորգյանը:
Վերջինիս խոսքերով, վաճառականների առարկությունները և բողոքները անիմաստ են, քանի որ նրանք այդ վայրում այլևս առեւտրով չեն զբաղվելու:
«Իրենք ասում են, որ ուզում են այդտեղ մնան, բայց իրենք այդտեղ չեն մնալու: Տվյալ տարածքը բարեկարգելուց հետո դառնալու է Վերնիսաժ ցուցահենդես-վաճառք, և բացառապես վաճառվելու են ձեռքի աշխատանքներ, նկարներ, քանդակներ...», - ասաց քաղաքապետարանի աշխատակիցը: