07/07/2016 11:06
Ծննդկան Մերի Մարգարյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց
Շենգավիթի առաջին ատյանի դատարանում մեկնարկած մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց ամբաստանյալներ Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի միջնորդությունը՝ հետաձգել նիստը գործին ծանոթանալու նպատակով:
Ավելի վաղ Անի Բաբելյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանն այսօր չի ներկայանալու դատական նիստին, ինչից հետո դատավոր Բալայանը որոշում կայացրեց որպես Բաբելյանի պաշտպան ներգրավել Հակոբյանին:
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին:
Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը դատավոր Դավիթ Բալայանը չորս անգամ հետ է ուղարկել դատախազին`թերություններն ու վրիպակները շտկելու:
2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է:
Ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհեև` նորածնի մահը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: