20/07/2016 17:51
Զինված խմբին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանը կալանավորվել է երկու ամսով
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին իր բեռնատարը տրամադրելու և խմբին աջակցելու համար «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանին երկու ամսով կալանավորել են:
«Իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով, սակայն Գիչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդի փաստաբան Տիգրան Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով՝ գործը քննում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, իսկ դատական նիստը տեղի է ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը հարձակում է գործել Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա: