20/07/2016 15:12
«Սասնա ծռեր» խմբի մեջ ընդգրկված երիտասարդներն անտեղյակ են եղել, թե ուր են գնում. Ահազանգում են հարազատները
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն Էրեբունիում ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման մասնակիցներից մի քանիսի հարազատները դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ներկայացնել իրենց խոսքը հանրությանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը հայտարարեց, որ իր որդուն խաբեությամբ են ընդգրկել այդ գործողության մեջ:
«Իմ տղեն ոչ ծառայել է, ոչ զենք է վերցրել ու երրորդ օրն է՝ իրենից տեղեկություն չունեմ: Կողքից իմացել եմ, որ էդ խմբում ա: Իմ երեխուն թող թողնեն գա, ինքը պալիտիկայից հեռու ա: Մինչև հուլիսի 13-ն էլ Ռուսաստանում ա եղել, եկել ա, էդ օրը պիտի գնայինք քեֆի, տեսանք տնից դուրս ա եկել», - ասաց Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը:
«Մենք Սպիտակում ենք ապրում, գիտեմ, որ կանչել, ասել են՝ գնում ենք միտինգ, Ղարաբաղի հողերը տալիս են թուրքերին, դրա համար: Ախր մեր տղեն զենք էլ չի տեսել», - ասաց Մերուժան Սողոմոնյանը:
Նա ավելացրեց, որ իրենց այս պահանջից որդին տեղյակ էլ չի:
«Տղուս ընդեղ բան չասեք, ինքը ինձ ոչ խնդրել ա, ոչ բան: Ու եթե իմ որդին չուզի թող դուրս չգա, բայց թող գա իմ առաջ ասի՝ չեմ ուզում գամ, ես հետ կկանգնեմ: Ինձ ոչ մեկ չի ստիպել, որ գամ ասուլիս տամ, ես իմ կամքով եկել եմ, որ ասեմ իմ որդուն եմ ուզում»,- ասաց Էդգար Սողոմոնյանի հայրը:
Նա նշեց, որ առաջին կարգի հաշմանդամ էև ասուլիսին եկել էր սայլակով, ու միակ խնամողը իր որդին է եղել:
Խմբի մյուս անդամ՝ Գառնիկ Հովակիմյանի մայրը՝ Մարինե Պապիկյանը նշեց, որ Գառնիկը մի ամիս առաջ է վերադարձել Ռուսաստանից:
«Եկել էր անձննագիրը փոխեր, գնար, հիմա գնացել ա ու էլ խաբար չունեմ: Հուլիսի 16-ի իրիկունը գնաց ու էլ չկա, զանգեցի, ասեցի Գառնիկ, ու՞ր ես, ասեց՝ մամ, չգիտեմ, մի հատ շենքում: Ամուսնացած է, մի երեխա ունի, նա ոչ մի կապ չի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հետ», - ասաց Մ.Պապիկյանը:
Aysor.am-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբի մեջ ընդգրկված այլ մարդիկ ևս կան, ովքեր ի սկզբանե տեղյակ չեն եղել, թե ուր և ինչի համար են գնում:
Հուլիսի 16-ի լույս 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը հարձակում էր գործել Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա:
Դրա հետևանքով մինչև այս պահը ՊՊԾ գնդում շարունակում են պատանդ պահվել 4 ոստիկան:
Նրանց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Պաշարման ընթացքում սպանվել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ էին ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը: