23/07/2016 14:21
ԱԱԾ-ն դեռ չի հաստատում Վարդան Եղիազարյանի և Վալերի Օսիպյանի ազատ արձակումը
ԱԱԾ-ն դեռ չի հաստատում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանի և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանի ազատ արձակման մասին տեղեկությունը:
«Այս պահին դեռ ոչինչ ասել չենք կարող»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրը փոխանցել էր, որ Էրեբունու ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում գտնվող Վ. Եղիազարյանը և Վ. Օսիպյանը ազատ են արձակվել:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները արդեն իսկ ազատ են արձակել երկու երիտասարդ ոստիկանի:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը փոխանցել էր, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և որոշում կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: