28/07/2016 15:44
Ու՞մ էր տեղափոխում Պավել Մանուկյանը, երբ վիրավորվեց
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանի ու որդու՝ Արամի վիրավորումից հետո համացանցում տեղեկություն տարածվեց, թե նրանք վիրավորվել են, երբ, իբր, փորձել են ոստիկանական պատնեշին մոտեցնել խմբի վիրավոր անդամներից մեկին:
Պարզաբանում ստանալու համար Aysor.am-ը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:
«Վիրավորվել է երեք անձ. մեկ իրավապահ, Պավել Մանուկյանը և նրա որդին: Հարց է առաջանում՝ ու՞մ էր տեղափոխում Պավել Մանուկյանը», - նշեց Աշոտ Ահարոնյանը:
Այլ մանրամասներ նա չհաղորդեց:
Փորձեցինք խոսել նաև իրավապահներից մեկի հետ: Նա ևս ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց, միայն մեկ հարց տվեց. «Եթե Պավլիկ Մանուկյանը վիրավոր էր բերում և այդ պահին էլ վիրավորվեց, ապա ու՞ր է այդ վիրավորը, որին նա, իբր, մոտեցնում էր պատնեշին: Տրամաբանական չէ՞, որ այդ դեպում նրա բերած վիրավորը ևս մեզ մոտ կլիներ»:
Նշենք, որ Պավել և Արամ Մանուկյանների հոսպիտալացումից հետո զինված խմբավորման անդամները տեղեկություն տարածեցին, որ գնդի տարածքում երկու վիրավոր կա:
Հիշեցնենք, որ ևս մեկ անձ վիրավորվել էր դեռևս հուլիսի 17-ին:
Իրավապահների բազմաթիվ կոչերին հանձնել նրանց բուժաշխատողներին՝ մասնագիտացված բժշկական օգնություն ապահովելու համար, ստացվել է բացասական պատասխան:
Պաշտոնապես խմբի երկու վիրավոր անդամների մասին տեղեկությունը հաստատված չէ:
Հիշեցնենք, որ օգնության կանչով գունդ մեկնած չորս բուժաշխատողներին զինված խմբավորումը երեկ պատանդ է վերցրել: Ազատ է արձակվել միայն բուժակ Դավիթ Տոնոյանը: