02/08/2016 17:11
ԵՄ պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Արման Թաթոյանի հետ
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենի հետ միասին հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են վերջին օրերի զարգացումները` դատապարտելով ուժի կիրառումն ու բռնությունը, ընդգծելով, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Տեսակետներ են փոխանակվել մարդու իրավունքների ոտնահարումների, հավաքների, արտահայտման ազատության և ատելության հրահրման վերաբերյալ:
Բարձրացվել է ոստիկանության կողմից չափից ավելի ուժի կիրառման և զանգվածային ձերբակալությունների, այդ թվում՝ ենթադրյալ բոլոր խախտումների վերաբերյալ արդյունավետ և թափանցիկ քննության անհրաժեշտության հարցը:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի անդամների գործունեությունը, այցելությունները կալանքի տակ գտնվող անձանց և անհատական գործերին հետևելը:
Ըստ աղբյուրի, նա տեղեկացրել է, որ իր գրասենյակը փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ խախտումների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր հարուցելու հետ կապված: