02/08/2016 17:02
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել. նա այն չի ընդունել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին («Միայնակ Գայլ»), մեղադրանք է առաջադրվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Ենթադրում եմ, որ ամենաուշը վաղը դատարան կներկայացվի խափանման միջոց ընտրելու միջնորդություն», - ասաց Պապիկյանը:
Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
«Արայիկ Խանդոյանը հրաժարվեց ստանալ արձանագրությունը, հրաժարվեց ստորագրել որեւէ փաստաթուղթ, նա ասաց. «Ես անմեղ եմ, հանցագործ չեմ»: Ավելին, արձանագրության մեջ նշված էր մեղադրյալ, նա ասաց. «Ես մեղադրյալ չեմ, ես քաղաքացի եմ», - նշեց նա: