02/08/2016 14:43
Վիտալի Բալասանյանը հիանալի էր բանակցում. Գառնիկ Իսագուլյան
Ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի՝ ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված ամբողջ գործընթացն ունեցել է երեք փուլ:
«Առաջին՝ երբ հուլիսի 17-ից անմիջապես հետո նախաձեռնվեց, որպեսզի ԱԺ-ում ներգրավված տարբեր կուսակցությունների ղեկավարները հավաքվեն՝ ընդհանրական որոշում կայացնեն ու փորձեն որպես միջնորդ հանդես գալ իշխանությունների ու այս տղաների միջև: Ցավոք, երբ որոշվել էր, որ ժամը 16:00-ին պետք է հավաքվենք, ինձ համար անհասկանալի պատճառներով՝ 15:45 շատ կուսակցություններ հրաժարվեցին այդ հավաքից ու չկարողացանք կազմակերպել միջնորդական առաքելությունը: Գուցե չէին հավատում, որ ես կկապվեմ իշխանությունների հետ, ու նրանք կտան իրենց համաձայնությունը, որ այս գործընթացը սկսվի», - նշեց նա:
Իսագուլյանի խոսքով՝ երկրորդ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ Վիտալի Բալասանյանը կամովի առաջարկեց իր միջնորդությունը:
«Այդ առաքելությունը հրաշալի էր ընթանում: Եթե չլինեին սադրիչ գործողությունները, ապա Վիտալի Բալասանյանի միջնորդությունը հաջողությամբ կավարտվեր հենց այդ փուլում, որի հետ կապված նախագահը հստակ հայտարարություն էր արել՝ ընդունել Սէֆիլյանին, իր հետ քննարկել տարբեր խնդիրներ, եթե տղաները կամովին զենքը վայր դնեն ու մտնեն օրինական դաշտ»:
Երրորդ փուլում, ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարի, բավականին անհասկանալի գործողություններ էին կատարվում թե ՊՊԾ գնդում, թե դրսում. «Չկար ընդհանրական համաձայնություն, պարզ զգացվում էր, որ այս գործընթացը ղեկավարվում է ոչ ներսում գտնվող տղաների կողմից, ոչ էլ դրսում գտնվող նրանց կողմից, որոնք իրենց շատ ակտիվ են պահում: Երրորդ փուլում առաջարկվեց Աշոտ Մինասյանի միջնորդությունը, որն ընդունելը կնշանակեր՝ Վիտալի Բալասանյանն իսկապես ստել է»,- նշեց Գ.Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ միայն վերջին փուլում տղաները հասկացան, որ այլ ելք չկա, ու էլի պետք է մտնել բանակցությունների մեջ, որը ևս վարում էր Վիտալի Բալասանյանը: «Նա հիանալի էր բանակցում», - ընդգծեց Գ.Իսագուլյանը:
«Տղաները հասկացան, որ իրենց օգտագործում են ու շատ-շատերին ուղղակի իրենց մահն է պետք, որպեսզի գործընթացներն ունենան այլ շարունակություն, դրա համար զենքը վայր դրեցին», - ընդգծեց նա: