02/08/2016 19:13
Պոլսահայ ուսուցիչը գործից հեռացվել է գյուլենական լինելու պատճառաբանությամբ
Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ ազատվեցին աշխատանքից: Հեռացումը հիմնավորվում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու հանգամանքով:
Նույն պատճառաբանությամբ աշխատանքը կորցրել է պոլսահայ ուսուցիչ Արի Հերգելը, գրում է Ermenihaber.am-ը:
Ստամբուլի արվեստի և մասնագիտական կրթության կենտրոնը, որտեղ Հերգելը 8 տարի կիթառ է դասավանդել, հեռախոսի կարճ հաղորդագրությամբ տեղեկացվել էր աշխատանքից ազատվելու մասին:
Հերգելը «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչ հիմքերով են իրեն հեռացրել աշխատանքից, սակայն ստացած հաղորդագրության մեջ որպես պատճառաբանություն նշվում է գյուլենական համայնքի հետ կապի մասին:
«Հետագայում ո՛չ ծանուցման մեջ, ո'չ առանձնազրույցի և ո'չ էլ հեռախոսազրույցների ժամանակ այդպես էլ չկարողացա իմանալ, թե ինչ տեղեկությունների կամ փաստաթղթերի հիման վրա են նման որոշում կայացրել», - ասել է Արի Հերգելը:
Պոլսահայ ուսուցիչը նշել է, որ պատրաստվում է դիմել դատարան անօրինական գործընթացը կասեցնելու համար:
Ըստ երաժիշտի՝ ինքն աշխատանքը կորցնելուց հետո էլ է ի վիճակի իրեն ֆինանսապես ապահովել, բայց նույն հաստատությունում աշխատանքից հեռացված այնպիսի մարդիկ են եղել, որոնց համար այդ աշխատանքը ապրուստի միակ միջոցնն էր: Եղել են նաև այնպիսիները, որոնք մի քանի ամսից պիտի անցնեին թոշակի:
«Ինձ համար կարևորը մեզ վրա նետված ցեխից որքան հնարավոր է շուտ ազատվելն է և իրակավան ճանապարհով ամեն ինչանել անարդար ու ապօրինի այս գործընթացը կանխելու համար», - ասել է Արի Հերգելը:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գյուլենական համայնքին և նրա ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: