02/08/2016 18:23
Տուլայում վթարված ավտոբուսի հայ վարորդը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման
Տուլայի շրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման: Պատիժը նա կկրի գաղութ-բնակավայրում, հայտնում է Տուլայի շրջանի դատախազությունը:
«Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ուզլովյան քաղաքացիական դատարանը մեղադրանք է ներկայացրել ՀՀ քաղաքացի 45-ամյա Գառնիկ Հարությունյանին: Դատարանը Հարությունյանին պատիժ նշանակեց 4 տարի և 6 ամիս ազատազրկում, պատիժը կրելու է գաղութ-բնակավայրում՝ զրկելով 3 տարի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երևան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։
Ավտոբուսում 59 ուղևոր է եղել, որոնցից 9-ը զոհվել է, 46-ը՝ տուժել: