02/08/2016 16:07
Արա Զոհրաբյան. «Սասնա Ծռեր»-ի տղաներին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ի կողմից քննելու դեպքում առավել կապահովվի օբյեկտիվությունը. Հարցազրույց
«Սասնա Ծռեր» զինված խմբավորման անդամներին իրավական աջակցություն ցուցաբերելու, դատարանում նրանց պաշտպանելու, տվյալ գործով փաստաբանների գործունեության մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
- Պարոն Զոհրաբյան, վերջին իրադարձությունների հետ կապված ի՞նչ խնդիրներ ունեցան փաստաբանները։
- Ունեցանք փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու փորձեր և դեպքեր, ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից։ Դրա հետ կապված փաստաբանների պալատը հուլիսի 19-ին համապատասխան հայտարարություն տարածեց՝ կոչ անելով ոստիկանության ծառայողներին ապահովել քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը և չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը։
Բացի այդ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հուլիսի 22-ին որոշում կայացրեց և կրկին դատապարտողական հայտարարությամբ հանդես եկավ։
Փաստաբանների արագ արձագանքման հանձնախումբը և ոստիկանության հետ համագործակցության հուշագրով ստեղծված հանձնախումբը նույնպես փորձում էին օժանդակել փաստաբաններին։
- Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ: Ո՞րն է Ձեր կարծիքը, արդյո՞ք ԱԱԾ-ն չպետք է քններ գործը։
- ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, «օպերացիան» ղեկավարում էր ԱԱԾ-ն։ Շատ ուրախ եմ, որ ԱԱԾ-ն գրոհով չվերցրեց Սասնա Ծռեր խմբի տղաներին, քանի որ այդ դեպքում արյունահեղությունից ոչ մի կողմ չէր խուսափելու, ինչը լրացուցիչ ցնցումներ էր առաջացնելու։ Ինչ վերաբերում է, քրեական գործը այլ մարմնի կողմից քննելու ԱԱԾ միջնորդությանը, ապա դա ողջունելի քայլ է, քանի որ այս քրեական գործի նկատմամբ հասարակական բարձր ուշադրությունը պահանջում է անաչառության վերաբերյալ կասկածները փարատել։ «Սասնա Ծռեր»-ի տղաներին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ի կողմից քննելու դեպքում առավել կապահովվի օբյեկտիվությունը։
- Ձեր կարծիքով փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները, կարո՞ղ են անկախ և անկաշկանդ պաշտպանել «Սասնա Ծռեր» խմբի տղաներին։
- Վստահաբար պատասխանում եմ այո։ Փաստաբաններն անկախ են և ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են անկախ և անկաշկանդ պաշտպանել իրենց վստահորդներին։ Փաստաբանների պալատը (բոլոր փաստաբաններով) միշտ փաստաբանների կողքին կանգնած է։ Հանրային պաշտպանները նույնպես փաստաբաններ են և ունեն անկախության բոլոր երաշխիքները։ Միակ տարբերությունը թերևս կայանում է նրանում, որ հանրային պաշտպաններն իրենք չեն ընտրում իրենց վստահորդներին և իրենց աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում արդյունավետ պաշտպանել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից առաջարկված վստահորդներին։ Հանրային պաշտպանները որևէ կախում չունեն ոչ քննիչներից, ոչ էլ պետական որևէ մարմնից։
- Փաստաբանների պալատը չի՞ պատրաստվում ստեղծել «Սասնա Ծռեր» խմբի տղաներին պաշտպանող միասնական շտաբ, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպեն պաշտպանությունը։
- Փաստաբանների պալատը իրավասու չէ միջամտել փաստաբանների քրեական գործերով մասնագիտական գործունեությանը, այդ թվում՝ նրանց ռազմավարական կամ տակտիկական մարտավարությանը։ Պալատը պատրաստ է պայմաններով ապահովել (օրինակ՝ դահլիճ, պատշաճ լուսաբանում) փաստաբանների ձևավորված կամ ձևավորվող խմբին։