02/08/2016 16:45
Թուրքերեն խոսող ֆրանսահայը սարսափեցրել է Թուրքիայի ոստիկանության աշխատակիցներին
Երկու օր առաջ Թուրքիայում շատ տարօրինակ և քիչ հանդիպող դեպք է գրանցվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ակօս» շաբաթաթերթի թղթակից Վարդան Էստուկյանը:
«Կիրակի օրը Աթաթուրքի անունը կրող օդանավակայանից ոստիկանները արտաքսել են ծագումով հայ Ֆրանսիայի քաղաքացու այն բանի համար, որ նա ասել է, թե հայ է», - ասաց Aysor.am-ի զրուցակիցը:
Վերջինս պատմեց, որ հուլիսի 31-ին քաղաքացիական հագուստով ոստիկանները կանգնեցրել են օդանավակայան ուղևորվող ֆրանսահայ Ռիչարդ Դեմիրջի մեքենան՝ անձնագրային ստուգման համար։
«Ոստիկանների հարցերին Ռիչարդ Դեմիրջը թուրքերեն է պատասխանել, որին ոստիկաններից մեկը արձագանքել է՝ հարցնելով. «Թուրքերեն ես խոսում, ծննդավայրդ Սիիրտն է, ինչպե՞ս թե թուրք չես»։ Դեմիրջն ասել է, որ Ֆրանսիայի քաղաքացի է, հայ է։ Դրանից հետո ոստիկանները նրանից պահանջել են իջնել մեքենայից՝ անվանելով նրան ահաբեկիչ։ Նրան տեղափոխել են արտերկրից ժամանողների բաժին և որոշ ժամանակ պահել են այնտեղ, ապա տեղափոխել են Քումքափըի ոստիկանության օտարերկրացիների բաժանմունք։ Երկուշաբթի օրը դատն է տեղի ունեցել, և որոշում է կայացվել երկրից վտարելու մասին։ Աշխատանքի բերումով Ռիչարդ Դեմիրջն ամեն ամիս գնում էր Թուրքիա, վերջին դեպքերից հետո այլևս չի կարողանալու գնալ», - փոխանցում է Վարդան Էստուկյանը՝ Ռիչարդ Դեմիրջի որդու խոսքերը:
Նա հայտնել է, որ Դեմիրջին արգելվել է մեկ տարով մուտք գործել Թուրքիա:
Վարդան Էստուկյանը նկատեց, որ այս դեպքը շատ տարօրինակ է:
«Մենք փորձել ենք հասկանալ Թուրքիայի ոստիկանության արարքը, սակայն որևէ տրամաբանական պատասխան չենք գտել: Ոստիկանությունը պնդում է, որ ֆրանսահայ Ռիչարդ Դեմիրջը ահաբեկիչ է», - ասաց «Ակօսի» թղթակիցը: