Մեխակ Ապրեսյանը հուսով է, որ ՊՊԾ գնդի գրավումը բացասաբար չի ազդի զբոսաշրջության ոլորտի վրա
04/08/2016 12:10

Մեխակ Ապրեսյանը հուսով է, որ ՊՊԾ գնդի գրավումը բացասաբար չի ազդի զբոսաշրջության ոլորտի վրա

Զբոսաշրջությունը բավականին զգայուն ոլորտ է ցանկացած իրադարձության նկատմամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Կլինի դա հիվանդություններ, համաճարակ, պատերազմական վիճակ, տարածաշրջանում անկայուն վիճակ, որոշակի ցնցումներ. այդ ամենը զբոսաշրջության վրա ազդեցություն ունենում է», - ասաց Մ.Ապրեսյանը, պատասխանելով հարցին, արդյոք ոստիկանության գնդի գրավումը և հաջորդող իրադարձությունները որևէ կերպ ազդել են զբոսաշրջային հոսքերի վրա:

Նրա խոսքով՝ հաջորդ եռամսյակին վիճակագրական տվյալները վերլուծելուց հետո պարզ կդառնա, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը զբոսաշրջության վրա:

Նա հույս հայտնեց, որ ՊՊԾ գնդի գրավումը բացասաբար չի անդրադառնա Հայաստանի կայուն և անվտանք երկիր լինելու նկարագրի վրա և Հայաստանը չի հավասարվելու այն երկրների հետ, որտեղ պարբերաբար ահաբեկչություններ են տեղի ունենում:

Վերջինս ընդգծեց, որ անկախ նմանատիպ իրադարձություններից, նաև ապրիլյան քառօրյա պատերազմից, 2016 թվականի հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի 2.4% աճ:

«Քառօրյա պատերազմը, իհարկե, ունեցավ իր ազդեցությունը զբոսաշրջության տեմպի աճի վրա, սակայն ոլորտը անկում չապրեց», - նշեց Մ.Ապրեսյանը: