18/08/2016 14:43
Մաքսատներում բրոքերի ծառայությունից հնարավոր կլինի հրաժարվել. Նախարար
«Մաքսատներում բրոքերի ծառայության համար, որպես կանոն, կատարվում է 10-ից 15 հազար դրամի վճար, իսկ եթե փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, ապա ստիպված են լինում մարդիկ մի քանի անգամ ավելի վճարել»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու կառավարությունն առաջարկություն էին կատարել, որպեսզի փոփոխություններ կատարվեն «Մաքսային կարգավորումների մասին ՀՀ օրենքում»՝ ելնելով նաև ԵՏՄ-ի տված հնարավորություններից:
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ պատգամավորի առաջարկը վերաբերվում էր միայն արտահանմանը, սակայն կառավարությունն առաջարկել է հարցը լուծել նաև ներմուծման դեպքում:
«Օրինակ, եթե քաղաքացիները կատալոգներ են ներմուծում, որի արժեքը 5000 դրամ է, ստիպված են լինում 6000 դրամ վճարել մաքսավճարի համար, բացի այդ, նրանք ստիպված են կատարել մի շարք այլ վճարումներ, ներառյալ` մաքսային ներկայացուցչի կամ, այսպես կոչված, բրոքերի ծառայությունից օգտվելու համար, որոնք տատանվում են 10-15 հազարի սահմաններում»,- ասաց նախարարը:
Ա. Մինասյանի խոսքով՝ առանձին դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում դիմել մաքսային բրոքերի ծառայությանը, մինչդեռ ազգային օրենսդրությունը կարող է նախատեսել, որ քաղաքացիները կամ տնտեսվարողներն ինքնահայտարարագրման եղանակով, առանց որևէ ծառայությունից օգտվելու իրականացնեն ներմուծում և արտահանում:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ օրենքի փոփոխությունը էականորեն կթեթևացնի տնտեսվարողների և քաղաքացիների գործը:
Նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ԱԺ աշնանային նստաշրջանում:
Որքան շուտ ընդունվի օրենքը, այնքան լավ»,- նշեց էկոնոմիկայի նախարարը: