22/08/2016 11:48
Արայիկ Խանդոյանի եղբոր կնոջը հրաժարվում են Ծաղկահովիտում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել
«ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ. սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին»: Այս մասին հայտարարել է «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը։
Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է.
«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է,որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է՝ ՀՅԴ-ական և երբեք դա չի թաքցրել:
Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ–ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ–ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:
Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում:
ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին:
Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը: Վերջինս հայտարարել է, որ կհրաժարվի մրցակցությունից, եթե Արայիկ Խանդոյանն առաջադրվի: