22/08/2016 14:05
Ճապոնիայում սողանքի վտանգի պատճառով հազարավոր մարդկանց են տարհանում
Սողանքի վտանգի պատճառով Ճապոնիայի իշխանությունները Տոկիոյի մոտ գտնվող Կավասակի քաղաքում տարհանում են ավելի քան 34 հազար մարդու: Սողանքի պատճառը Mindulle թայֆունի ժամանակ հորդառատ անձրևներն են, հայտնում է РИА Новости-ն:
Ուժեղ քամիներով ու անձրևներով ուղեկցվող թայֆունը Ճապոնիայի կենտրոնական շրջաններում, այդ թվում Տոկիոյում, սկսվել է այսօր: Բարձրացել է գետերի ջրերի մակարդակը, չեղարկվել են գնացքների ու օդանավերի չվերթները, բնակելի շենքերում անջատվել է էլեկտրականությունը:
Կավասակիում հայտարարվել է ավելի քան 34 հազար բնակիչների կամ 15 հազար 127 ընտանիքների տարհանման մասին:
Տոկիոյի օդանավակայաններում ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել 425 չվերթներ, տրանսպորտային խնդիրներն առնչվել են ավելի քան 49 հազար մարդու: