26/08/2016 11:56
Ոստիկաններին պաշտոնից ազատելը նվեր էր նրանց. Դավիթ Սանասարյան
Երևանում հուլիսյան իրադարձություններից հետո ոստիկանական համակարգում որոշ ոստիկանների ոչ թե պետք է պաշտոնից ազատեին, այլ՝ դատարանի առաջ կանգնեցնեին մեղավորներին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
«Այդ մարդիկ ոչ թե պետք է գործից ազատվեին, այլ՝ դատվեին: Նրանց նվեր արեցին՝ ուղղակի ազատելով աշխատանքից»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ նույն այդ մարդիկ ուղարկվել են կադրերի ռեզերվ, և «մենք չենք կարող բացառել, որ վաղը կամ մյուս օրը նույն այդ մարդիկ կարող են նույն գործին նշանակվել»:
«Ժառանգության» անդամը, այնուամենայնիվ, նշեց՝ երբ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, այնտեղ նորմալ վերբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
«ՁՊՎ-ում շատ դրական է եղել վերաբերմունքն իմ նկատմամբ, նույնը նաև՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. իմ և մյուս կալանավորվածների նկատմամբ շատ լավ վերաբերմունք էին ցուցաբերում»,-նշեց Դ. Սանասարյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը, ով գտնվում էր «Վարդաշեն» ՔԿՀ-ում, նույնպես նշեց, որ իր նկատմամբ նորմալ վերաբերմունք է ցուցաբերվել:
«Բավականին քաղաքակիրթ վերաբերմունք եմ տեսել «Վարդաշենում» թե՛ կալանավորների, թե՛ աշխատակիցների կողմից: Ամեն ինչ գործել է օրենքի շրջանակներում»,- ասաց նա:
Ժառանգականները նշեցին, որ թեև իրենք ազատության մեջ են, այնուամենայնիվ, իրենք դեռ մեղադրյալ են:
«Մեր նկատմամբ հետապնդումը, վստահ ենք, շարունակվելու է»,- ասաց Հ. Խուրշուդյանը:
«Թե՛ Հովսեփը, թե՛ ես միջազգային տարբեր միջոցառումների մասնակիցներ ենք ու վաղը կարող են հայտարարել, որ մենք չենք կարող բացակայել երկրից ու ստացվում է, որ մեր ազատությունը խոչընդոտվում է»,-եզրափակեց խոսքը Դավիթ Սանասարյանը: