29/08/2016 19:10
Դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի և Գագիկ Եղիազարյանի կալանքի դեմ բողոքները
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքը վերանայելու բողոքները։
«Դատարանը որոշումը հիմնավորում է նրանով, որ Սեֆիլյանն ազատության մեջ լինելով՝ կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը», - լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Նրա խոսքով՝ դատարանը չի ներկայացրել թույլատրելի նյութեր, որոնք կարող են ցույց տալ, որ Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը։ «Դատարանն ընդհանրապես չի պատճառաբանել գրավը մերժելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Դրա հետ մեկտեղ ցույց տրվեց, որ քրեական գործերը քաղաքական են, խոսքը վերաբերում է նաև նախորդ տարի հարուցված քրեական գործին», - նշեց փաստաբանը:
«Դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը, մերժեց նաև գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Բողոքի փաստարկներով մենք պնդում էինք, որ բացակայում է հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Եղիազարյանը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքով նախատեսված գործողությունները», - լրագրողներին ասաց Գագիկ Եղիազարյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ և 38-235-րդ հոդվածներով:
Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):