29/08/2016 16:59
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել 4+4+4 քննարկումների արդյունքում ձեռք բերված դրույթները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 29-ին, հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016 թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Ընտրական օրենսգրքում ամրագրված վերահսկողական մեխանիզմներն առաջիկա ԱԺ ընտրություններում չեն կիրառվելու, քանի որ ըստ Կառավարության գրավոր պատասխանի՝ նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները։
«Խնդիրն այն է, որ նշված օրենքը նոր նմուշի նույնականացման քարտերի տրամադրում է ենթադրում, ինչը նշանակում է 10 մատների մատնահետքերի առանձին հավաքագրում, ուստի նշված ժամանակահատվածում ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չունեին նույնականցման քարտ, պիտի հայտ ներկայացնեին և ստանային քարտեր: Նման քաղաքացիների քանակը շատ է, մյուս կողմից էլ անհրաժեշտ են տեխնիկական և ֆինանսական միջոցներ այդ աշխատանքներն իրականացնելու համար», - պարզաբանելով մերժումը՝ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Տեխնիկական միջոցների տեղադրումը նախատեսվում էր սկսել սեպտեմբերի 1-ից, սակայն վերջին օրերին հայտնի դարձավ, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված և Ընտրական օրենսգրքում ընդգրկված այդ վերահսկողական մեխանիզմները չեն գործելու։