31/08/2016 11:50
Էստոնիայում նույնիսկ քվեարկության երրորդ փուլից հետո նախագահ դեռ չի ընտրվել
Էստոնիայի խորհրդարանը քվեարկության երրորդ փուլի ընթացքում այդպես էլ չի կարողացել երկրի նախագահ ընտրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ձայների անհրաժեշտ երկու երրորդն այդպես էլ չի հավաքել երրորդ փուլ հասած թեկնածուներից և ոչ մեկ: Իշխող Բարեփոխումների կուսակցության ներկայացուցիչ՝ երկրի նախկին վարչապետ և նախկին եվրահանձնակատար Սիյմ Կալլասը ստացել է 42 ձայն: Ընդդիմադիր Ցենտրիստական կուսակցության թեկնածու Մայլիս Ռեպսի օգտին քվեարկել է խորհրդարանի 26 պատգամավոր:
Օրենքով նախատեսված կարգով՝ Էստոնիայի նախագահն այժմ կընտրվի ընտրողների կոլեգիայի կողմից, որը կհավաքվի սեպտեմբերի 24-ին:
Կոլեգիան ընտրում է Էստոնիայի նախագահին ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընդ որում՝ հաղթողի օգտին պետք է քվեարկի ընտրողների առնվազն կեսը: