01/09/2016 17:40
Աղավնաձորցիները վաղը երեխաներին դպրոց կուղարկեն. Նրանց խոստացել են վճարել մթերված խաղողի պարտքը
Աղավնաձորի աշակերտների համար այս տարի սեպտեմբերի 1-ը նման չէր մնացած բոլոր տարիներին, քանի որ ծնողներն ի նշան բողոքի՝ որոշել էին իրենց երեխաներին դպրոց չուղարկել:
Գյուղացիների պահանջը մեկն էր՝ վճարել մթերված խաղողի գումարները: Աղավնաձորի բնակիչներն այսօր առավոտյան նշել էին, որ եթե այսօր իրենց հարցին լուծում չտրվի, ապա վաղը ևս իրենք երեխաներին դպրոց և մանկապարտեզ չեն ուղարկի:
«Որտե՞ղ գյուղացիները չեն բողոքում: Գյուղացիների վեճը հավերժ է: Եվրոպայում էլ է այդպես, ամբողջ աշխարհում գյուղացիների հետ կապված խնդիրը միշտ կան», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը:
Հարցին, թե ի՞նչ է այսօր քննարկվել Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Վեդի Ալկո»-ի տնօրենի մասնակցությամբ նիստում, գյուղապետն ասաց. «Խոստացել են գյուղացիներին հասանելի գումարը վճարել 15 օրվա ընթացքում: Մենք էլ խոսել ենք գյուղացիների հետ: Նրանք վաղը երեխաներին դպրոց կուղարկեն. որոշել ենք այս անգամ էլ վստահել այդ մարդկանց»:
Aysor.am-ը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ այլընտրանք կառաջարկվի գյուղացիներին, եթե «Վեդի Ալկո»-ն չկարողանա գյուղացիներին վճարել դեռևս նախորդ տարի մթերման դիմաց առաջացած 140 մլն պարտքը, քանի որ այսօր լրատվամիջոցների հետ զրույցում «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանն ասել էր, որ կհանդիպի գյուղացիների հետ, բայց պարտքը տալու վերաբերյալ կոնկրետ խոսումներ չի կարող տալ:
«Դեռ կմտածենք այդ հարցի շուրջ: Մի քանի օր կսպասենք ու կտեսնենք ինչ կլինի, իսկ մթերման խնդիրը նոր չէ, արդեն 30 տարի է ինչ այդ խաղողը չի մթերվում», - նշեց Աշոտ Գալստյանը: