17/09/2016 11:09
Նոր մանրամասներ Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած կրակոցների ու ծեծկռտուքի մասին
Էջմիածնի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել, երբ վերջինս իր թիմակիցների հետ վերադառնում էր Երևանից:
Իրազեկ աղբյուրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոցի» մոտակայքում:
«Կարեն Գրիգորյանը ընկերոջ հետ իր անձնական «Լեքսուս» մեքենայով թիմակիցների հետ վերադառնում էր Երևանից Էջմիածին: Ճանապարհին ՎԱԶ 2106 նրանց էին սպասում Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը և նրա կոմնակիցները: Դուրս են եկել ու սկսել կրակել մեքենայի ուղղությամբ ընթացքի պահին», - պատմեց Aysor.am-ի զրուցակիցը:
Նրա խոսքով, դրանից հետո Արթուր Թումանյանն ու նրա ընկերները փորձել են հեռանալ, սակայն նրանց հետապնդել են:
«Այս պահին Արթուր Թումանյանն ու նրա ընկերներից մեկը հիվանդանոցում են, ծեծված: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր չէ», - հայտնեց մեր զրուցակիցը:
Aysor.am-ի ունեցած տեղեկություններով, Կարեն Գրիգորյանը ցուցմունք է տվել, իսկ Արթուր Թումանյանը դեռևս հրաժարվում է ցուցմունք տալուց: