22/09/2016 11:27
Վարչապետը հանձնարարել է կարգավորել խաղողի մթերման գործընթացը և վերացնել ժանգոտած կառավարման համակարգը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում առաջին հանձնարականը տվեց նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ կարգավորել խաղողի մթերման գործընթացը:
«Այս գործընթացն ամեն տարի մեզ համար պռոբլեմ է դառնում: Վայոց ձորում «Վեդի ալկոն» ունի պարտավորություններ, որ չի կատարել», - ասաց Կ.Կարապետյանը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա հսկողություն:
«Մենք մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք ժանգոտած կառավարման համակարգ, իսկ դրա մասին դեռ մանրամասն կխոսենք», - ասաց Կ.Կարապետյանը:
Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Վեդի Ալկո»-ի տնօրենի մասնակցությամբ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած նիստում պայմանավորվածություն էր ձեռք բերվել գյուղացիներին 140 մլն դրամի պարտքը վճարել 15 օրվա ընթացքում: Մինչդեռ սեպտեմբերի 19-ին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ գյուղացիները կրկին բողոքում են, խնդիրը լուծված չէ, իսկ «Վեդի Ալկո»-ի հետ կապ հաստատել չի հաջողվում: