22/09/2016 11:37
Վարչապետը կվերացնի պրիմիտիվ գողությունը կառավարությունում
Կառավարության անդամներն այսօր գործադիրի նիստում քննարկեցին ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցը:
Նոր համակարգի ներդրման մասին կառավարությունում, հիշեցնենք, հայտարարվել էր վաղուց: Մասնավորապես` որոշում էր կայացվել նախարարներին զրկել ճոխ չվերթներից:
«Ներդրվող ծրագրի հիմնական կանոնը հետևյալն է՝ գործադիրի հասարակ աշխատակիցները պետք է օգտվեն բացառապես էկոնոմ դասի չվերթներից, ընդ որում` գնվելու է ամենաէժան տոմսը, որը չի նախատեսում վերադարձ և ժամկետի փոփոխում», - հայտարրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, երկրորդ խումբը նախարարներն են, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, եթե թռիչքի տևողությունը ութ ժամից պակաս է:
«Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմսերը», - ասաց Դ.Հարությունյանը:
Նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց` ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որ վերացնեն պրիմիտիվ գողությունը:
«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը: Բոլորդ Ձեր համակարգերում կարգի բերեք: Ինձ զեկուցել են, թե մինչև այժմ ինչ մեխանիզմներ են գործել, որն ուղղակի ֆանտազիայի ժանրից է», - ասաց Կ.Կարապետյանը:
«Այն ռեսուրները, որոնք դրվել են օրենքը շրջանցելու վրա, եթե դրվեր այլ ոլորտում` էֆեկտը շատ ավելի լավը կլիներ», - շետեց վարչապետը: