23/09/2016 12:20
Արծվիկ Մինասյանին առաջարկ եղել է, որ թողնի իր պաշտոնն ու տեղափոխվի այլ ոլորտ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին տարբեր ուղղություններով առաջարկներ են եղել, և նա՝ որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, այդ առաջարկությունները քննարկման առարկա է դարձնելու կուսակցության Գերագույն մարմնում, որից հետո արդեն իրենց մոտեցումը կներկայացնեն:
Այս մասին նախարարի պաշտոնակատարը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ արձագանքելով հարցին, թե ճիշտ են հրապարակումները, որ իրեն առաջարկվել է բնապահպանության նախարարի պաշտոնը:
Ինչ վերաբերում է էկոնոմիակայի նախարարությունում աշխատանքը շարունակելուն, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե կառավարության երեկվա հավանության արժանացած օրենքի նախագիծն ընդունվում է, ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը չի լինում, հետևաբար, ցանկանում ենք, թե ոչ, բնականաբար, չկա այդպիսի նախարարություն»:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, թե ինքն արդեն ասել է, որ իր համար ընդունելի չէ «էկոնոմիկա» բառը հանել նախարարության անվանման միջից:
«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ես որևէ ամբիցիա չունեմ ամեն գնով պահպանելու իմ դիրքերը: Մեր նպատակը ոչ թե անպայման և ամեն գնով տվյալ դիրքում մնալն է, այլ նպաստել, որ այն նպատակները, որ դրված են համաձայանգրում, մենք, անկախ նրանից, որտեղ ենք լինելու, իրականացնենք: Իմ սկզբունքը դա է, ես գոհ ու շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ աշխատանք իրականցնելու հարցում», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Խոսելով իր պրոֆեսիոնալ լինելու մասին` նա ասաց. «Ես չեմ էլ ուզում ինձ գնահատել, ես կարծում եմ, որ գնահատականը կտրվի հանրության կողմից»: