23/09/2016 13:52
Իրանի՝ տարածաշրջանային երկաթուղային ծրագիրն անիրատեսական է. Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարևորում է Իրանի հետ Հայաստանի կապերի զարգացումն ու խորացումը, սակայն, նրա կարծիքով, Հայաստանը չի օգտագործում իր ողջ ներուժը Իրանի հետ հարաբերությունները խորացնելու համար:
«Եթե դիտարկենք, օրինակ, ինտեգրացիոն գործընթացը, ապա Հայաստանը կարող է հանդես գալ որպես կապող օղակ ԵՏՄ-ի և Իրանի միջև: Դեռ 2013 թվականին Իրանը հայատարարել էր, որ Հայաստանը կարող է դառնալ Իրանը ռուսական 170 միլիոնանոց շուկային կապող օղակը: Նախորդ տարի Պուտինը ազատ առևտրի պայմանագիր ստորագրեց Իրանի հետ, իսկ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ սահմանամերձ երկիր է: Այս հարցերի շուրջ մտածել է պետք», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ա.Նավասարդյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Իրանի հետ եղած հնարավորությունների չօգտագործումը Հայաստանի կողմից առնվազն դիվանագիտական կարճատեսություն կլինի:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե իրատեսակա՞ն է համարում Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի հայտարարությունը, որ Թեհրանը պատրաստվում է երկաթգիծ կառուցել, որով կմիավորի Հայաստանի, Նախիջևանի և Թուրքիայի քաղաքները, Ա.Նավասարդյանը պատասխանեց.
«Ես սա ոչ իրատեսական եմ համարում: Այստեղ կա Թուրքիայի խնդիր: Մինչև Հայաստանն ու Թուրքիան որոշ արգելքներ չհաղթահարեն, դա շատ դժվար կլինի: Իհարկե, դա լավագույն տարբերակը կլիներ, բայց չեմ կարծում, որ դա հնարավոր է», - նշեց նա: