23/09/2016 16:38
Սեուլը պատրաստ է ոչնչացնել Կիմ Չեն Ընին
Հարավկորեական էլիտար զորքերը պատրաստ են ոչնչացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին միջուկային զենքի կիրառման վտանգի առաջացման դեպքում: Դա հաստատել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Հան Մին Կուն խորհրդարանի նիստում, հայտնում է Lenta.ru-ն:
«Այո, մենք այդպիսի ծրագիր ունենք»,- պատասխանել է նա հյուսիսկորեական առաջնորդին ոչնչացնելու հնարավորության մասին հարցին: «Հարավային Կորեան ընդհանուր գաղափար և ծրագիր ունի օգտագործելու ճշգրիտ հրթիռների հնարավորությունները հիմնական տարածքներում հակառակորդի թիրախների ուղղությամբ հարվածելու, նաև հակառակորդի ղեկավարությանը վերացնելու համար»,- հավելել է նախարարը:
Միաժամանակ Հան Մին Կուն ընդգծել է, որ այդպիսի միջոցներ կարող են կիրառվել միայն իրավիճակի վատագույն զարգացման դեպքում: Նա նաև ենթադրում է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է 6-րդ միջուկային փորձարկում անցկացնել:
Սեպտեմբերի 21-ին հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ Փհենյանը ծրագրում է անցկացնել նոր ստորգետնյա միջուկային փորձարկում կամ մեծ հեռահարության հրթիռի արձակում: