23/09/2016 12:07
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ
Սեպտեմբերի 22-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպումը վարել է ականավոր վերլուծաբան դեսպան Սթիվըն Սեստանովիչը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների և պայմանավորվածություններից մշտապես հետ կանգնելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ ներկաների բազմաթիվ հարցերին։