23/09/2016 13:12
Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորում է Հայաստանի և Մոլդովայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանը (նստավայրը՝ Կիև):
Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն միջպետական լավ հարաբերություններ, իսկ համագործակցության ակտիվացման համար նա կարևորել է դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ աշխատանքը:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր աշխատանքով նոր լիցք և լրացուցիչ խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերություններին և փոխգործակցությանը:
Ռուսլան Բոլբոչանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել դիվանագիտական առաքելության իրականացումը Հայաստանում և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի տեսանելի ապագայում փոխշահավետ բոլոր ոլորտներում առաջընթացը տեսանելի լինի:
Հայաստանի նախագահը կարևորել է երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող և զգայուն հարցերում միմյանց շահերի հարգման վրա հիմնված համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: