26/09/2016 13:48
Մահացել է «գոլֆի արքա» Առնոլդ Փալմերը
ԱՄՆ-ում 87 տարեկանում մահացել է գոլֆի վարպետ Առնոլդ Փալմերը, որին անվանում էին խաղի արքա, հայտնում է Lenta.ru-ն: Նա մահացել է սեպտեմբերի 25-ին, Փիթսբուրգ քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) հիվանդանոցում:
Մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդիրների առաջացրած բարդությունների հետևանքով: Փալմերը հոսպիտալացվել էր սեպտեմբերի 22-ին:
Իր կարիերայի ընթացքում Փալմերը 7 անգամ հաղթել է գլխավոր պրոֆեսիոնալ մրցաշարերում. Մասթերսում (1958, 1960, 1962, 1964թթ.), ԱՄՆ Բաց առաջնությունում (1960թ.) և Բրիտանիայի Բաց առաջնությունում (1961, 1962թթ.): Նա նաև 62 անգամ հաղթել է հեղինակավոր PGA Tour-ի փուլերը:
Իր վերջին Մասթերս մրցաշարին նա մասնակցել է 2004 թվականին, իսկ 2006 թվականի հոկտեմբերին Փալմերը պրոֆեսիոնալ գոլֆից հեռանալու որոշում է կայացրել:
Նա նաև զբաղվել է գոլֆի տարածմամբ՝ այդ մարզաձևի մասին թողարկել է մի քանի գիրք, գոլֆի մասին սեփական շոուի պրոդյուսերն էր: Նա նաև աշխատել է որպես հաղորդավար և նկարահանվել կինոյում:
Փալմերը արժանացել է քաղաքացիական անձանց համար ԱՄՆ բարձրագույն պարգևների՝ Ազատության նախագահական մեդալի և Կոնգրեսի ոսկե մեդալի: