26/09/2016 13:04
Մեզ նման բաներով խաբել հնարավոր չէ․ Զուրաբյանը՝ կառավարության փոփոխությունների մասին
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին կառավարության կառուցվածքային փոփոխությունները հույս չեն ներշնչում։
«Վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխությունը ոչինչ չի փոխում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լ.Զուրաբյանը:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ նորանշանակ նախարարներն անկուսակցական են, Լ.Զուրաբյանը նշեց․ «Մենք քաղաքականությունից մի քիչ հասկանում ենք և մեզ նման բաներով խաբել հնարավոր չէ։ Կապ չունի կուսակցական է, թե կուսակցական չէ։ Կառավարության պատկանելիությունը որոշվում է նրանով, թե ինչ քաղաքական հենարան ունի, իսկ այս կառավարության հենարանը Հանրապետական կուսակցությունն է և Դաշնակցությունը՝ որպես իրենց կոալիցիոն ընկեր»։