27/09/2016 17:51
Ամեն եկող, իր ճաշակին համապատասխան, փոփոխություններ է անում․ Բիշարյանը՝ կառավարության կառուցվածքային փոփոխության մասին
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները պետք է համապատասխանեն իրենց բովանդակությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով նախարարությունների անվանափոխման անհրաժեշտության մասին, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Քաղաքաշինության նախարարությունն արդեն երկրորդ, թե երրորդ անգամ նախարարությունից տանում են կոմիտե, կոմիտեից՝ բերում նախարարություն։ Ամեն եկող, իր ճաշակին համապատասխան, փոփոխություններ է անում»,-ասաց Հ. Բիշարյանը։
Վերջինիս խոսքով՝ Քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության նախարարությունից պակաս կարևոր չէ։
«Ես կարծում եմ, որ երկուսն էլ անհրաժեշտ են, բայց ես մասնագիտական բացատրությունների մեջ չեմ կարող մտել։ Կարևորն այս դեպքում անունը չէ, այլ՝ բովանդակությունը և այն, ինչ պետք է տեսնենք դրանց աշխատանքի արդյունքում»,-նշեց Հ. Բիշարյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Սփյուռքի նախարարության անվանափոխմանը, պատգամավորը նշեց․
«Երեկ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց «հայրենադարձություն» արտահայտությունը ավելացնել, որի մեջ կա բովանդակություն, նպատակ ու խնդիր։ Սփյուռքի նախարարությունը իր առջև հայրենադարձության խնդիր պիտի դնի։ Այստեղ վատ բան չեմ տեսնում։ Կարծում եմ՝ սփյուռքի նախարարության բուն խնդիրը հենց դա է»։
Դիտարկմանը՝ արդյոք հանրապետությունը կարող է ապահովել պահանջվող աշխատատեղեր հայրենադարձների համար, պատգամավորն ասաց․
«Ձեր հարցը շատ տեղին է։ Կարծում եմ, որ նախարարությունը կամ էլ դրա անվանումը այդքան դերակատարում չի ունենա, որքան այն, եթե սփյուռքի մեր հայրենակիցները և արտագաղթած հայրենակիցները տեսնեն, որ երկրում համապատասխան վիճակ է ստեղծվել ու նրանք կարող են վերադառնալ աշխատանքի։ Քանի որ այս պահին արտագաղթը շատ ավելի մեծ է, քան՝ ներգաղթը, հայրենադարձության հարցում ես կարևորում եմ նախարարության դերը, բայց միայն ասելով չէ և այս քայլերը կյանքի կոչելու համար պետք է պայմաններ ստեղծվեն»։