28/09/2016 15:49
Պետք է գնալ յուրաքանչյուր լումայի հետևից. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նրան մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բնապահպանության նախարարությունից և անձնակազմից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ, արդյունավետ համագործակցություն միջազգային հիմնադրամների հետ, ինչը թույլ կտա ներգրավել ֆինանսական միջոցներ, նոր մշակույթ և նոր չափորոշիչներ:
«Խստորեն պետք է նայել նաև այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին և գնալ յուրաքանչյուր լումայի հետևից: Պետք է հասկանանք, թե այս լուման ինչ նպատակի է ծառայում, և այդ նպատակը կատարվում է, թե ոչ», - նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանության ոլորտում տրամաբանական առևտրայնացումը և կարևորել էկոտուրիզմի զարգացումը, որը մեր զբոսաշրջության գրավիչ ճյուղերից մեկն է:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքները պետք է իրականացնել արագ և արդյունավետ: