28/09/2016 13:12
Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում. Հերգնյան
2010 թ-ի հետճգնաժամային վերականգնումից հետո Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:
«Նախ, եթե դիտարկենք տնտեսական աճի դինամիկան 2010 թ-ից, ապա տեսնում ենք, որ հետճգնաժամային վերականգնումից հետո, Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում», - նշեց Մ.Հերգնյանը:
Նա ներկայացրեց այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների տնտեսական աճի ցուցանիշները, որոնք 4.5% և 1.5% են:
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ վերջին տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցում է ներմուծման աճի տեմպին, բացի այդ էականորեն նվազել են օտարերկրյա ներդրումները:
«Օտարերկրյա ներդրումների մասով 2014-2015 թթ. էական անկում ենք արձանագրել 404 մլն-ից 181 մլն դոլար: Իսկ 2016 առաջին եռամսյակի տվյալներով՝ 39 մլն դոլար: Խոսքը գնում է զուտ ներդրումների մասին», - նշեց Մ. Հերգնյանը: