19/10/2016 18:29
Կառավարության նոր ծրագրով գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականություն կմտցվի
Կառավարության նոր ծրագրով սոցիալ-առողջապահական ոլորտում 2017թ.-ից նախատեսվում է հանրապետությունում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված նոր ծրագրերի ներդրում:
Մասնավորապես, մինչև 2016 թվականի ավարտը նախատեսվում է բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրում:
Ինչ վերաբերում է առողջապահությանը, 2017թ.-ին նախատեսվում է պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացում, ինչպես նաև բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծում:
Մասնավորապես, կներդրվի բժշկական հաստատությունների դեմ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրման և վեճերի լուծման երկաստիճան համակարգ: Առաջին մակարդակ՝ բուժհաստատությունների ներսում բողոքների քննության ինստիտուտ և երկրորդ մակարդակ՝ անկախ մարմնի` բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրում:
Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը կգործարկվի 2018թ.-ից: