24/10/2016 13:23
Երկրում կա օլիգարխիկ համակարգ, բայց օլիգարխներից շատերը կապ չունեն ՀՀԿ-ի հետ. Համլետ Հարությունյան
Նախորդ վարչապետները ևս բարձրաձայնել են ազատ ներկրման հարցը, մինչդեռ, կարծես, ոչ ոքի այն կյանքի կոչել չի հաջողվել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Ովքեր ցանկանում են ինչ-որ բան ներկրել կամ արտահանել, ազատ կերպով կարող են իրականցնել: Նախորդ վարչապետներն էլ էին նույն բանն ասում, բայց կարծես թե չհաջողեցին: Մեր 25 տարվա պետականության պայմաններում շատ բաներ են եղել, շատ բաներ են փոխվել, և մենք հասել ենք այդ պայմաններին: Այդ փոփոխությունները հիմա էլ կշարունակվեն։ Ինչպես ասում են՝ Մոսկվան մեկ օրում չի կառուցվել», - ասաց Հ.Հարությունյանը։
Դիտարկմանը՝ արդյոք չկա մտավախություն, որ երկրում առկա մենաշնորհային համակարգը թույլ չի տա այս փոփոխություններին կյանքի կոչվել՝ պատգամավորն ընդգծեց. «Մեր երկրում կա օլիգարխիկ համակարգ, կա մենաշնորհ։ Հենց վարչապետն իր պատասխանով հաստատեց, որ կա ինչ-որ մենաշնորհային սիստեմ։ Ես ինքս որպես Հանրապետական կուսակցության անդամ կատեգորիկ դեմ եմ բոլոր անարդարություններին, և թույլ չեմ տվել որևիցե օրինազանցություն»:
Պատգամավորը հորդորեց նաև չփնտրել օլիգարխիայի ներկայացուցիչներին բացառապես ՀՀԿ-ական շարքերում, քանի որ օլիգարխներից շատերը կուսակցության հետ կապ չունեն։
«Ես ձեզ հետ միասին դատապարտում եմ, թե՛ օլիգարխիան, թե՛ մենաշնորհը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, դասակարգային ծագումից և այլն: Դա առաջին հերթին վնասում է ինձ և իմ նմաններին: Նշեմ նաև, որ այդ օլիգարխներից շատերը կապ չունեն մեր կուսակցության հետ», - ասաց նա: