24/10/2016 12:18
Լևոն Զուրաբյանն առաջարկում է վարչապետի հայտարարած՝ առանց խոչընդոտի ներկրման հարցը քննարկել ԱԺ-ում (Ուղիղ)
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քննարկել խորհրդարանում։ Խոսքը մասնավորապես օրերս հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ վարչապետի այն հայտարարության մասին է, որ յուրաքանչյուր ոք այսուհետ կարող է զբաղվել ներկրմամբ առանց խոչընդոտների։
«Լայն սպառման մենաշնորհները դարձել են ամենամեծ չարիքը։ Նոր վարչապետը հայտարարում է, որ բոլորն այսուհետև կարող են զբաղվել ներկրմամբ՝ առանց խոչընդոտներին։ Հորդորում եմ Ձեզ հասարակության ուշադրության կենտորնում այս հարցը դնելու համար հրավիրել ԱԺ լսումներ և դարձնել այս հարցը ԱԺ քննարկման առարկա», - ասաց Լևոն Զուրաբյանը։
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե վարչապետը խոսել է այդ մասին, հավանաբար նա ինքը ունի տեսլական հարցի լուծման վերաբերյալ։
«Վարչապետն ասաց, որ այս գործով կարող են իրեն ահազանգել, բայց ես կարծում եմ, որ այդ գործով զբաղվող լուրջ և մեծ կառույց կա։ Սպասենք մի փոքր, տեսնենք կառավարությունն ինչ է անում և եթե անհրաժեշտություն կլինի, ապա կհրավիրենք կառավարությանն ԱԺ՝ հարցը քննարկելու», - նշեց Գալուստ Սահակյանը։