24/10/2016 13:01
Մերկելի կոալիցիոն գործընկերները կաջակցեն նոր ժամկետով նրա առաջադրմանը
Քրիստոնեադեմոկրատական միության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Գերդա Հասելֆելդը հանդես է եկել Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին չորրորդ անգամ առաջադրելու օգտին՝ չնայած առանձին հարցերի շուրջ առկա տարաձայնություններին: Հասելֆելդի հայտարարությունը հրապարակել է Mitteldeutsche Zeitung թերթը, հայտնում է ТАСС-ը:
«Եթե Մերկելը պատրաստ է կրկին առաջադրել իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում, ես նրան լիովին աջակցություն կցուցաբերեմ»,- ասել է Հասելֆելդը: Նա հավելել է, որ Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն կուսակցություններին (ՔԴՄ/ՔՍՄ) մնացել է հաղթահարել «մի քանի էական տարաձայնություն», ինչից հետո նրանք պետք է «կենտրոնանան մրցակցի հետ պայքարի վրա»:
ՔՍՄ-ի նախկին նախագահ Էրվին Հուբերը նույնպես հայտարարել Է, որ Մերկելը պետք Է դառնա ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից կանցլերի պաշտոնի թեկնածուն: Հուբերի հայտարարությունը հրապարակել Է Kölner Stadt-Anzeiger թերթը:
«Մերկելն աշխարհում հայտնի քաղաքական գործիչ է, ընդ որում նա, ինչպես ոչ ոք, կենտրոնամետ քաղաքականության կրողն է Գերմանիայի ներսում: ՔՍՄ-ի շահերից է բխում նոր ժամկետի համար նրա թեկնածությունը պաշտպանելը»,- ասել է Հուբերը: