26/10/2016 12:33
Կառավարությունը դրական վերաբերմունք չունի «Նաիրիտի» նախագծի վերաբերյալ. ԱԺ-ում քննարկումը հետաձգվեց
Քառօրյայի մեկնարկին ԲՀԿ խմբակցությունը առաջարկել էր օրակարգ մտցնել «Նաիրիտի» վերագործարկման մասին հարցը: Այսօր նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին կազմակերպել լսումներ և քննարկել այդ հարցը կառավարության հետ, հետո նոր բերել ԱԺ:
«Երեկ հայտարարեցիք, որ կառավարությունը դրական վերաբերմունք ունի, բայց դա այդպես չէ»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց՝ նշելով, որ կառավարության նախնական գնահատականը դրական է եղել:
«Տվյալ ոլորտի նախարարն ինձ հետ զրույցում ասում է, որ իրենց դիրքորոշումը դրական է, հետո կառավարությունը փոշմանում է: Թող կառավարությունն ինքը կողմնորոշվի կողմ է, դեմ, թե ձեռնպահ: Իսկ եթե նախարարը «Նաիրիտի» մասին մեր ներկայացրած համաձայնագրին կողմ է արտահայտվել, հետո կարդացել է տեքստը և հասկացել, որ վերապահումներ ունի, այստեղ խնդիրը մեր մեջ չէ»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը թեև համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, բայց ընդգծեց, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ աշխատանքներն այդ հարցի շուրջ հիմնավոր չի գնահատվել, ուստի այս վիճակով նախագիծը չի կարող քննարկվել: