11/11/2016 13:17
Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերը. ՊԲ
Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:
Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:
ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: