15/11/2016 14:40
Ոստիկանի սպանության համար «Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է:
«Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով, սակայն նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ս. Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) ու 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն):
Ըստ երևույթին, Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:
Ոստիկանությունն ավել վաղ հաղորդել էր, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում՝ գնդից 350-400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ` դիպուկահարի արձակած կրակոցից:
Դեպքի հետ կապված ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: